Քրիստոս ծնաւ և յայտնեցավ մեզ և ձեզ մեծ աւետիս. Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ ծնունդը

Հին ավանդույթի համաձայն՝ հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը նշում է մեկ օրում՝ հունվարի 6-ին, որը նաև անվանվում է Աստվածահայտնության տոն, մինչդեռ այլ եկեղեցիներ նշում են առանձին՝ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 7-ին, իսկ մկրտությունը՝ հունվարի 6-ին կամ հունվարի 19-ին:

Մինչ IV դարը, բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում էին միասին, սակայն Քաղկեդոնի ժողովում (451թ.), որին Հայաստանը չի մասնակցել, քանի որ պատերազմական իրավիճակ էր երկրում (Վարդանանց պատերազմ), որոշվում է նշել Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի 25-ին: Այդ ժողովում մի շարք այլ դավանաբանական դրույթներ են մտցվում, որոնք հայ եկեղեցին այդպես էլ չի ընդունում:

Մեկ այլ վարկածով՝ կաթոլիկները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, քանի որ նախկինում այդ օրը եղել է հեթանոսական տոն՝ նվիրված արևի պաշտամունքին: Հռոմեացիները, ցանկանալով ազատվել հեթանոսական ավանդույթներից, 336 թ.-ին դեկտեմբերի 25-ը հռչակել են Քրիստոսի ծննդյան օր:

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է նաև Քրիստոսի մկրտությունը: Ըստ «Հին Կտակարանի»՝ ոչ ոք իրավունք չուներ քարոզելու նախքան 30 տարեկանը: Հիսուս Քրիստոսը սկսեց քարոզել 30 տարեկանում՝ Հորդանան գետում մկրտվելուց հետո: Իսկ տոնը կոչվում է Աստվածահայտնություն, որովհետև այդ օրը մարդիկ տեսան իրենց Արարչին:

Առաքելական եկեղեցին Սուրբ ծնունդը սկսում է տոնել երեկոյան ժամը 17:00-ից՝ մատուցելով Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագները, որոնք խորհրդանշում են մոգերին առաջնորդող բեթղեհեմյան աստղի լույսը, իրենց հետ տուն են տանում, ապա Սուրբ ծննդյան սեղան է գցվում՝ խորհրդանշական ուտեստներով:

Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս», ի պատասխան լսելով՝ «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան Սուրբ պատարագը, որին հաջորդում է Ջրօրհնեքը. խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Պատարագ մատուցող քահանան խաչն իջեցնում է ջուրն այնպես, ինչպես Հիսուսն օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Ապա մեռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն:

Սովորույթի համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Իսկ Սուրբ ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:

Rate article