Եթե ձեզ պակասում է լավատեսություն, կարդացեք այս առակը․ Երկու ընկեր են լինում, նրանցից մեկը միշտ ասում է․․․

Մի աֆրիկացի թագավոր ունենում է մտերիմ ընկեր, ում հետ միասին անցկացրել էին մանկությունը ու շարունակում էին ընկերություն անել մեծ հասակում։ Ընկերը ցանկացած իրավիճակ քննարկելիս՝ անկախ նրանից դրական էր թե բացասական, միշտ ասում էր․

—Դա լավ է։

Մի օր թագավորը ընկերոջ հետ միասին գնացել էր որսի։ Մինչ ընկերը նախապատրաստում էր զենքերը, թագավորը պատահաբար անզգույշ վարվեց զենքի հետ, ինչի արդյունքում զրկվեց ձեռքի բութ մատից։ Ընկերը՝ ինչպես միշտ, ասաց․

—Դա լավ է։

Թագավորը բարկացավ՝ պատասխանելով, որ մատից զրկվելու մեջ ոչ մի լավ բան չկա ու իր աշխատողներին հրամայեց ընկերոջը տանել բանտ ու կողպել։

Մոտ 1 տարի անց թագավորը միայնակ գնացել էր որսի անծանոթ վայր, որտեղ, իր կարծիքով, անվտանգ էր։ Սակայն նրան գերի են վերցնում մարդակերները, տանում իրենց գյուղ, փայտ բերում ու կրակ վառում։ Բայց երբ ուշադրություն են դարձնում, տեսնում են, որ նրա մատը չկա, ու բաց են թողնում։

Մարդակերների ցեղը սնահավատ էր․ նրանք երբեք չէին ուտում նրանց, ում մարմնի վրա կային լուրջ վնասվածքներ կամ որևէ մաս պակասում էր։

Թագավորը շնչակտուր հասնում է տուն, հիշում այն օրը, երբ զրկվել էր մատից, և խիղճը սկսում է տանջել, որ ընկերոջ հետ նման կերպ է վարվել։ Նա իսկույն շտապում է բանտ․

—Ընկերս, դու իրավացի էիր, ինչ լավ է, որ առանց մատի եմ մնացել։ Դրա շնորհիվ ողջ մնացի։ Ներիր, որ քեզ բանտ եմ ուղարկել, շատ եմ զղջում դրա համար։

—Բան չկա զղջալու, դա լավ է։

—Ի՞նչ ես խոսում, ինչ լավ բան կա նրա մեջ, որ իմ մեղքով մի ամբողջ տարի անցկացրել ես բանտում։

—Եթե բանտում չլինեի, քեզ հետ որսի եկած կլինեի, ու ինձ հաստատ կուտեին։ Այնպես որ դա շատ լավ է։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Rate article