4 գործոն որոնք կործանարար ազդեցություն են ունենում լյարդի վրա և որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել

Լյարդը նյութափոխանակության ու օրգանիզմի դետոքսիկացիայի համար պատասխանատու գլխավոր օրգանն է, ուստի դրա աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա: Լյարդի վնասվածքները հաճախ աննկատ են մնում, քանի որ սկզբնական փուլում օրգանիզմը որևէ ախտանշանով չի հուշում դրանց մասին:

Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս խուսափել այս օրգանի հետ կապված խնդիրներից, քանի որ դրանց կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Focus.de գերմանական պորտալը ներկայացրել են 4 գործոն, որոնք կործանարար ազդեցություն են ունենում լյարդի վրա և որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել:

А կամ В3 վիտամիններով սննդային հավելումներ։ Վիտամինային հավելումները ոչ միշտ են դրական ազդեցություն ունենում օրգանիզմի վրա: Ընդ որում՝ դրանք հատկապես վտանգավոր են, եթե ընդունվում են առանց մասնագետի նշանակման: «Շթիֆթունգ Վարենթեսթ» (Stiftung Warentest) գերմանական սպառողական կազմակերպության մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամինների սխալ ընդունումը կարող է հանգեցնել լյարդի հետ կապված խնդիրների առաջացման, գլխացավերի ու մաշկի գրգռվածության:

Մասնագետները նախազգուշացնում են, որ վիտամին B3-ը (նիացին) չարաշահման դեպքում բացասաբար է անդրադառնում լյարդի վրա: Գիտափորձերը ցույց են տվել, որ պարբերաբար վիտամին B3 ընդունելու դեպքում մարդիկ ավելի հաճախ են բախվում լյարդի հիվանդությունների խնդրին, քան պլացեբո ընդունելու դեպքում:

Պարացետամոլի մեծ չափաբաժիններ։ Լյարդը մաքրում է օրգանիզմը տոքսիններից, այդ թվում նաև ալկոհոլից ու դեղորայքից, սակայն պարբերաբար դեղեր ընդունելը վնասում է այս կարևոր օրգանը: Սովորաբար որևէ դեղամիջոց նշանակելուց առաջ բժիշկները դիտարկում են դրա բոլոր դրական ու բացասական հատկությունները, ինչպես նաև հնարավոր վնասի աստիճանը, ուստի ոչ մի դեղամիջոց խորհուրդ չի տրվում ընդունել առանց մասնագետի նշանակման: Հարկ է հիշել, որ դեղորայքը հարկավոր է ընդունել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ հետևելով բոլոր ցուցումներին ու չչարաշահելով այն: Հատկապես զգույշ է պետք լինել պարացետամոլի դեպքում, քանի որ այս դեղամիջոցը խիստ բացասաբար է անդրադառնում լյարդի վրա:

Մրգերի չարաշահում։ Ֆրուկտոզան բարձրացնում է լյարդի ճարպակալման հավանականությունը: Այս հետազոտություններն անցկացվել են մկների վրա, սակայն գիտնականները կարծում են, որ այն նույն կերպ է անդարադառնում նաև մարդկանց օրգանիզմի վրա: Մասնագետների խոսքով՝ առողջ կենսակերպ վարողները ոչ միշտ են ուշադրություն դարձնում մրգերում ֆրուկտոզայի պարունակությանը, մինչդեռ ընդամենը 100 գրամ խնձորում պարունակվում է ավելի շատ ֆրուկտոզա, քան մի բաժակ Կոկա-Կոլա ըմպելիքում պարունակվող շաքարն է:

Ալկոհոլ։ Գիտնականների մի մասը նշում է, որ ալկոհոլի չափավոր գործածությունը չի վնասում օրգանիզմին, մինչդեռ մյուսներն էլ վստահ են, որ ալկոհոլի անգամ չնչին գործածությունը վնասում է օրգանիզմին: Գերմանացի գիտնականները տղամարդկանց խորհուրդ են տալիս օրական խմել առավելագույնը երկու բաժակ գարեջուր կամ գինի (24 գրամ), իսկ կանանց՝ մեկ գավաթ (12 գրամ), քանի որ հակառակ դեպքում ոգելից խմիչքները կործանարար կլինեն օրգանիզմի համար:

Rate article