Երիտասարդ դերասանուհի Աիդա Կարապետյանը հեռուստադիողին հայտնի է «Սարի աղջիկ» եւ «Բեկորներ» հեռուստասերիալներից: Նկարահանման ոլորտում իր քայլերը Աիդան սկսել է միանգաից գլխավոր դերով` «Սարի աղջիկ» նախագծում մարմնավորելով Լուսեին:
Այն, որ Աիդան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին է, ու որ բացի դերասանուհի լինելուց` նաեւ պարուհի է, հայտնի է շատերին. NEWS.am STYLE-ը «20 փաստ» խորագրի հարցաշարի միջոցով 19-ամյա դերասանուհու մասին փորձել է պարզել իր առօրյային ու նախասիրություններին վերաբերող փաստեր, որոնք կհետաքրքրեն դերասանուհու երկրպագուներին:

Աիդա, ինչպե՞ս ես սկսում առավոտներդ:
Առավոտյան շատ դժվար եմ արթնանում, մի լավ փնթփնթում եմ, որ այդքան վաղ եմ արթնացել, ու առանց նախաճաշելու գնում եմ համալսարան (այդ ժամին, պարզապես, ունակ չեմ նախաճաշելու (ծիծաղում է)): Դրանից հետո անցնում եմ նկարահանումներիս:
Ամեն օր դու պարտադիր…
Ամեն օր պարտադիր ուտում եմ քաղցր:
Քո մասին մի փաստ, որը հայտնի է քչերին:
Չեմ սիրում, երբ դիպչում են քթիս. անգամ կարող եմ բղավել, որովհետեւ փոքր տարիքում հարված եմ ստացել, որից հետո այն ցավում է, երբ դիպչում են:
Բնավորությանդ ամենատարօրինակ գիծն՝ ըստ քեզ:
Բնավորությանս ամենատարօրինակ գիծը, երեւի, այն է, որ կարող եմ արթնանալ ու տրամադրություն չունենամ, կամ` հակառակը` շատ բարձր տրամադրությամբ արթնանալ: Առհասարակ, օրվա մեջ տարբեր ժամերի տրամադրությունս կարող է փոխվել:
Ունե՞ս մտածելակերպումդ հնաոճ գծեր. որո՞նք են դրանք:
Կան, բայց չգիտեմ` դա հնաո՞ճ է համարվում, թե ոչ: Օրինակ, եթե ինձ տան տեսարան, որտեղ ես պետք է ներկայանամ լողազգեստով, կամ` համբուրվեմ, ես դա չեմ անի:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Սարսափում եմ միջատներից:
Բաներ, որոնք չանելու համար փոշմանել ես:
Հստակ չեմ կարող հիշել, բայց երեւի` չի եղել մի բան, որը չեմ արել ու փոշմանում եմ:
Ամենասիրելի ֆիլմդ, որը կարող ես անդադար դիտել:
Վստահորեն կարող եմ ասել, որ մի քանի անգամ կարող եմ դիտել «Ճերմակ անուրջներ»-ն ու «Տանը միայնակ»-ը:
Ավագ գործընկեր, ումից ամենից շատ ես սովորել:
Անկեղծ ասած` չեմ ուզում առանձնացնել ավագ գործընկերներիս, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատելը մեծ ուրախություն է ինձ համար. անխտիր բոլորից շատ-շատ բան եմ սովորել:
Եթե կարողանայիր ստեղծել մի օրենք, որը մինչ օրս չկա, ո՞րը կլիներ դա:
Օրենքը կլիներ` չստել ու չդավաճանել:
Ամենասիրելի կերպարդ քո դերերից:
Կերտել եմ դեռեւս երկու կերպար` Լուսեին ու Էլլային: Երկուսին էլ շատ սիրում եմ, որովհետեւ շատ հետաքրքիր են ու միմյանցից տարբեր, ինչը եւս շատ կարեւոր է:
Ի՞նչն ես ամենից շատ կարոտում քո մանկությունից:
Մանկությունս շատ եմ կարոտում. այն շատ հետաքրքիր ու լավն է եղել, բայց հատուկ օրեր չեմ կարող առանձնացնել:
Մանկությանդ ամենասարսափելի հուշը:
Ամենասարսափելի հուշը ավտովթարն է… Վրաստանից հետ գալու ճանապարհին է եղել: Լուրջ կոտրվածքներ չեմ ստացել, բայց հոգեբանական ծանր վիճակում էի հայտնվել: Այդ վթարից հետո երկար ժամանակ վախեր ունեի մեծ ավտոմեքենաներից ու արագությունից, բայց հիմա, բարեբախտաբար, այդ ամենն անցել է:
Ունակություն, որը կցանկանայիր ունենալ:
Կուզեի թռչել ու օգնել այն մարդկան, որոնք դրա կարիքն ունեն: Նաեւ կուզեի մտքեր կարդալ (ծիծաղում է):
3 բան, որ կփոխեիր հայ հասարակության մեջ:
Շատ եմ ուզում, որ մենք լինենք բարի, չփորձենք նմանվել այլ ազգերի. մենք ունենք մեր ավանդույթներն ու արժեքները, որոնք պետք է պահպանենք ու չկորցնենք: Սովորենք գնահատել այն, ինչ ունենք:
Կյանքիդ ամենաազդեցիկ մարդը:
Ամենաազդեցիկ մարդիկ ծնողներս են:
Ինչի՞ մասին նորություններին ես ամենից հաճախ հետեւում:
Նորությունների շատ չեմ հետեւում, միայն կարդում ու հետաքրքրվում եմ մեր երկրի, զինվորների ու բանակի մասին լուրերով:
Ամենածիծաղելի բամբասանքը, որը քո մասին լսել ես:
Ամենազավեշտալի բամբասանքը եղել է իմ եւ հայրիկիս «սիրավեպի» մասին (ծիծաղում է):
Ո՞ր մեկ բառով կնկարագրես քեզ:
Երեւի` էներգիա:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
«Հիմա դու դերասանուհի՞ ես, թե՞ պարուհի»