Քրիստոնյայի կյանքում Սուրբ Ծնունդն ունի մեծ խորհուրդ, բայց արդյո՞ք բոլորն են կամ գոնե մեծամասնությունը կարողանում ընկալել դրա իրական խորհուրդը

Կան մարդիկ, որոնց համար ոչ միայն Սուրբ Ծնունդը տոնելն է լոկ արտաքին բնույթ կրում, այլև, ցավոք սրտի, «քրիստոնյա» հասկացությունն ընդհանրապես:

Այս խնդիրը շտկելու համար օգնության է գալիս գիտակցումը, այսինքն, ինչպես նշեցիք, Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի ընկալումը:

Նախ պիտի հասկանանք, թե Ում ծնունդն ենք նշում և ինչ բերեց այդ ծնունդը մեզ: Այսպիսով, Սուրբ Ծնունդը Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի մարդեղացման՝ Սուրբ Մարիամ Աստվածածնից ծնվելու տոնն է:

Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որպեսզի Ամենակարող Աստված ցած իջնի Իր երկնային գահից, մարդկային մարմին առնի երկրի վրա ու Իր սրբագույն արյունը հեղի խաչի վրա: Որովհետև դա այն միակ փրկագինն էր, որ ի զորու էր ադամական մեղքից սրբել դրա պատճառով մահկանացու դարձած մարդկանց և Աստծո Արքայության դռները կրկին բաց անել նրանց առջև:

Միայն Աստվածորդու զոհագործությունը կարող էր մեզ ազատել մեղքի ստրկությունից և Աստծո որդիգիրներ լինելու մեծագույն պատվին արժանացնել: Եվ Փրկչի Ծննդյամբ և Սուրբ Հարությամբ է, որ հնարավորություն ունենք միավորվելու Տիրոջ հետ և ստացել ենք հավիտենական կյանքի հույսը, որ իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր մարդու կյանքի գլխավոր նպատակակետը պիտի լինի:

Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սբ. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը:

Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր:

Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին`   հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները:

Rate article