Ամանորյա աղցան. Գեղեցիկ և համեղ ուտեստ տոնական սեղանին

Տոնական տրամադրություն ստեղծելու համար առաջարկում եմ պատրաստել և ձևավորել իմ սիրելի աղցանը ձնեմարդու տեսքով։

Անհրաժեշտ բաղադրիչները

  1. Հավի միս 250 գր
  2. Սալորաչիր 100 գր
  3. Սունկ 200 գր
  4. Սոխ 1 հատ
  5. Ձու 3 հատ
  6. Թարմ վարունգ 1 հատ
  7. Բուսական յուղ 1 ճաշի գդալ
  8. Պանիր 100 գր
  9. Ընկույզ 50 գր
  10. Մայոնեզ 250 գր

Պատրաստման եղանակը
Ձուն և հավը նախօրոք եփել։ Սալորաչիրը մի քանի րոպեով լցնել եռացրած ջրի մեջ։

Եփած հավի միսը կտրատել խորանարդներով։ Սունկն ու սոխը մանր կտրատել։

Տապակի մեջ տաքացնել փոքր քանակությամբ բուսայուղ և տապակել սունկն ու սոխը։

Համեմել աղով և պղպեղով ըստ ճաշակի։ Սալորաչիրը շերտերով կտրատել։

Քանի որ աղցանը հավաքվում է շերտերով, հարմարության համար կարող եք օգտագործել 20 սմ տրամագծով տորթի համար բացվող օղակ, յուրաքանչյուր շերտին մայոնեզով ցանց անել։

Առաջին շերտը սալորաչիրն է՝ կտրատված բարակ շերտերով։ Երկրորդ շերտը սոխով տապակած սունկ է։

Հավի միսը երրորդ շերտն է, այն կարելի է նախապես համեմել աղով և պղպեղով ըստ ճաշակի։

Մանր քերած ձուն լցնում ենք չորրորդ շերտով։

Հինգերորդ շերտը կտրատած թարմ վարունգն է։

Վեցերորդ շերտը մի բուռ կտրատած ընկույզ է։ Վերջնական շերտը մանր քերիչով քերած պանիրն է։

Աղցանը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և թողնել մի քիչ ներծծվի։

Մատուցելուց առաջ մնում է զարդարել աղցանը ձնեմարդու տեսքով կամ ինչպես կամենաք:

Դրա համար բավական կլինի օգտագործել պղպեղ, գազար, ձիթապտուղ, կանաչիներ։

Բարի ախորժակ: